21 մայիսի 2021 - 13:50 AMT
Ծառուկյանը՝ Պետդումայում․ Հայ-ռուսական բազմակողմ գործակցությունն այլընտրանք չունի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական դումայում հանդիպում է ունեցել պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:

Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

«ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը:

Ծառուկյանն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը անվտանգային միջավայրի բարելավման գործում:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։