Շոշի մոտ ադրբեջանցիների կրակակոցների առթիվ քրգործ կա

Շոշի մոտ ադրբեջանցիների կրակակոցների առթիվ քրգործ կա

PanARMENIAN.Net - Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ:

Դրա արդյունքում ամբողջությամբ վնասվել են էքսկավատորեի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ըստ էության սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ՌՈ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում:

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---