Մայիսի 20-ին ադրբեջանցի մոտ 30 զինվոր ներխուժել է Սյունիքի Խոզնավար գյուղ

Մայիսի 20-ին ադրբեջանցի մոտ 30 զինվոր ներխուժել է Սյունիքի Խոզնավար գյուղ

PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները մայիսի 20-ին առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ Հայաստանի տարածք անցած նոր զինվորների թիվը 30-ն է:

Գյուղացիների պատմելով՝ նրանց դեմ հանդիման գյուղի հովիվներն են հայտնվել, որոնք ադրբեջանցի զինվորականների սպառնալիքներից հետո լքել են տարածքը: Խոզնավարը ևս մոտ է Սև լճին։

Պաշտոնական տվյալներով՝ մոտ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս պահին թեև իրավիճակը վերահսկելի է, սակայն բնակիչների շրջանում անհանգստություն կա, գյուղացիներից ասել է Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ բնակիչների մի մասին, այդ թվում՝ երեխաներին, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել են։

«Անհանգստություն կա, ոնց չի լինի, բայց կանգնած են մերոնք ստեղ՝ դեմները կանգնած, իրավիճակը վերահսկելի է, ասում են՝ խաղաղ բանակցություններով պետք է հարցը լուծվի, տեսնենք ինչ կլինի», - ասել է Մհերը։

Նա նշել է, որ մոտավորապես 13։30-14։00-ին է դեպքը եղել, չոբաններն են նկատել։

«Խառն են էլի՝ 10 հոգի մի տեղ, 5 հոգը՝ մի տեղ, 7 հոգի մի տեղ, ամեն մի քարի տակից, քոլի տակից հելնում են էլի։ էրեխեքին հանել են գյուղից, բայց մենք մնացել ենք։ Չոբաններն են նկատել, հետո մեր զինվորներն են հետ բերել։ Իրանք դեռ տարածքում են, մենք էլ դիմացները սենց կանգնած ենք սաղով։ Գալիս են, դեմը կանգնում ես, հետ են դառնում էն կողմով են գնում, էդտեղից հետ ես տալիս, մյուս կողմից են գնում, ասում են՝ «հրաման ենք կատարում, մենք չգիտենք, մեզ ասել են գնացեք, գնում ենք»։ Հովիվներին ասել են քշեք գնացեք, էս մեր տարածքն ա, դե հովիվներն էլ, ինչ անեն, հետ են եկել»,-ասել է նա։

Մայիսի 20-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---