Քոչարյան․ Եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018-ին այդքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա

Քոչարյան․ Եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018-ին այդքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, աջակիցների հետ հանդիպմանն անդրադառնալով կթության ոլորտին, ասել է, որ եթե իր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա։

Նա հավելել է, որ այդ առումով որոշակի մեղքի զգացում ունի, սակայն վիճակն այնպիսին էր, որ առաջնահերթությունը պետք էր տալ տնտեսությանը։

«Հնարավոր չէ ամեն ինչով նույն ծավալով զբաղվել։ Երբ ես ընտրվեցի նախագահ, թվերն այնպիսին էին, որ ինձ համար ակնհայտ էր, որ առաջնահերթությունը պետք է տալ երկրի տնտեսական վիճակին: Բյուջեն 300 մլն դոլար էր: Ի՞նչ պետք էր անել այդ գումարով: Կենտրոնացել էի տնտեսական հարցերի վրա: Փորձել եմ ձևավորել թիմ, որը կզբաղվեր կրթությամբ, մշակույթով և այլն: Մարդիկ անում էին, բայց ես խորությամբ չէի մտնում մի շարք հարցերի մեջ: Ինձ թվում էր, թե մենք շատ բարեփոխումներ ենք կատարել կրթական ոլորտում, բայց այսօր մարդիկ ասում են, որ ունենք կրթական մակարդակի անկում: Կամ բարեփոխումները ճիշտ չէին կամ տեղ չեն հասել:

Դժվարանում եմ ասել, բայց այդ առումով որոշակի մեղքի զգացում ունեմ: Մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձերը, դպրոցի կառավարման մոդելն ենք փոխել, ծնողներին ենք ներգրավել այդ գործընթացում, մի փոքր չեզոքացրել ենք նախարարության ուղղակի ազդեցությունը: Նույնը արել ենք համալսարաններում»,-ասել է նա։

Քոչարյանը հիշեցրել է, որ ընդունվել են Բոլոնիայի պրոցեսի բոլոր սկզբունքները, սկսել են դրանք հերթով կիրառել:

«Հսկայածավալ գումարներ ենք ծախսել դպրոցաշինության և վերանորոգման վրա: Բայց եթե այս ամենի արդյունքում դու չես գրանցում, որ բովանդակային առումով, դպրոցների և մարդկանց կրթական մակարդակը շեշտակի չի աճել, դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չես արել:

Այսօր ես մտածում եմ, որ եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա: Ուրեմն, ինչ-որ բան այն չենք արել։ Ոլորտներ կան, որ թվերին նայում ես, տպավորիչ են, բայց բովանդակային առումով զգացվում է, որ բացթողումներ եղել են»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» նախընտրական դաշինքը, որին անդամակցում են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---