24 մայիսի 2021 - 10:28 AMT
ՊՆ-ն հերքել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:

Ըստ ՊՆ-ի` անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել:

Նշվում է, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե 160 հայ զինվորական կա Իրանում, որոնք այնտեղ են հայտնվել 44-օրյա պատերազմի արդյունքում։ Պատերամից հետո պարբերաբար նման լուրեր են շրջանառվում։