Քոչարյան․ Դելիմիտացիան ազդելու է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների վերականգնման վրա

Քոչարյան․ Դելիմիտացիան ազդելու է  Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների վերականգնման վրա

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան ազդեցություն է ունենալու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա։

«Այն շտապողականությունը, որն ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է հենց այդ հարցի հետ։ Դելիմիտացիան ազդեցություն է ունենալու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա։ Ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, ուղղակի այս պահին դա բավական պրոբլեմային հարց է»,- ասել է նա, գրում է Civilnet-ը։

Քոչարյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական սադրանքից հետո ստեղծված իրավիճակը առաջին հերթին պետք է լուծել բանակցային ճանապարհով։

«Բայց եթե Ռուսաստանի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու (Ադրբեջանը – խմբ․) սահմանի մեկ այլ հատվածում։ Առաջին հերթին, դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձևով վարվել։ Եթե քո քայլերով, քո քաղաքականությամբ, քո հայտարարություններով, դու այդպիսի տպավորություն թողնում ես, ստեղծված իրավիճակում դու անընդհատ ունենալու ես նման կարգի խնդիրներ։ Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ՝ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար։ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանրապես չի արվում»,- նշել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելուն և կազմակերպության արձագանքին, Քոչարյանն ասել է․ «Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, քո տեղը գալու է ուրիշն այս հարցը լուծի՞։ Եթե դու ոչինչ չես անում, քո տեղը ոչ մեկ չի լուծելու այս հարցը»։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---