Փաշինյան․ ՌԴ դիրքորոշումն այն է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է իր համար, իսկ Բաքուն հատել է այն

Փաշինյան․ ՌԴ դիրքորոշումն այն է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է իր համար, իսկ Բաքուն հատել է այն

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, հայտարարել է՝ անհնար է, որ ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն չկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները՝ հավելելով, որ խորհրդակցություններն այդ ուղղություններով շարունակվելու են։

Ուրիխանյանը հարցրել է՝ արդյո՞ք Փաշինյանը մտավախություն ունի, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի ադրբեջանական զինուժի նկատմամբ, ՌԴ-ն կամ ՀԱՊԿ զորքերն անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերի։

Փաշինյանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար։

«Հիմա Ադրբեջանը հատել է այդ գիծը»,-հավելել է նա։

Փաշինյանը մեկ անգամ ևս կրկնել է, որ անհնարին է համարում, որ ՌԴ-ն չկատարի իր պարտավորությունները։ «Ես դա անհավանական, անհնարին եմ համարում։ Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն այն է, որ հարձակումը ՀՀ վրա հարձակում է ՌԴ վրա։ Դա գրված է թղթի վրա։ Սա նշանակում է, որ եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել Ռուսաստանի վրա»։

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, հետպատերազմյան անվտանգային համակարգը լուրջ փորձություն է ապրում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ ն ու հայ-ռուսական անվտնագային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարեն այդ փորձությունը։

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա, որտեղ քննարկումներ, խորհրդակցություններ է ունենալու և գուցե որոշ հարցեր պարզվեն։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---