28 մայիսի 2021 - 13:19 AMT
Պետդեպ․ Ազատել բոլոր ռազմագերիներին, զորքերը վերադարձնել մայիսի 11-ի դիրքեր

ԱՄՆ պետական դեպարտամենտը, անդրադառնալով 6 հայ զինծառայողի գերեվամանն Ադրբեջանի կողմից, մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների, այդ թվում՝ «հայ զինծառայողների ձերբակալման առնչությամբ»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում։

Պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պահվող անձանց և հիշեցրել Բաքվին բոլոր գերիների հետ մարդասիրաբար վարվելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների մասին։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։ Հայաստանին ևս հորդորում ենք վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր և ողջունում ենք այդ մասին հայտարարությունները։ Դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը սահմանին և տարածք կստեղծի խաղաղ բանակցային գործընթացի համար՝ շտապ կարգով սահմանազատման համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չգծանշված տարածքներում: «Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանազատված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն նաև կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։