Լրագրողներին չեն թույլատրել լուսաբանել պաշտոնյաների այցը Սարդարապատ

Լրագրողներին չեն թույլատրել լուսաբանել պաշտոնյաների այցը Սարդարապատ

PanARMENIAN.Net - Ոստիկանության, Ազգային անվտանգության, ՊՊԾ և Ռազմական ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, ծառայողներ ժամը 07։00-ից փակ են պահել Սարդարապատի մուտքը ոչ միայն քաղաքացիների, այլև լրագրողների համար։

Հայտնի է դարձել, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը, տեղեկացնում է Factor.am-ը:

Ոստիկանությունը նախապես հաղորդագրություն էր տարածել, որ Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար լրագրողների մուտքն արգելելու մասին: Սա աննախադեպ է, երբեք նախկինում նման արգելքներ չեն եղել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 28-ի վաղ առավոտից ահազանգեր է ստացել լրագրողներից, որոնք նշել են, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին։ Այդ մասին ՄԻՊ-ը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---