Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը

Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող մամուլում հրապարակված լուսանկարներին և ապա տարածված տեսանյութին, խստագույնս դատապարտել է զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը։

Նշվում է, որ հրապարակված փաստերն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,-ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։

Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---