Փաշինյանը Բրյուսելում Միշելին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Փաշինյանը Բրյուսելում Միշելին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին: Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Ֆրանսիայից, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և այլ պաշտոնյաների հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---