Զինծառայողների դիերը ոչ պատշաճ պայմաններում թողնելու դեպքով քրգործ կա

Զինծառայողների դիերը ոչ պատշաճ պայմաններում թողնելու դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների դիերը պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են սկսել նախապատրաստել տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից:

Նշվում է նաև, որ իրականացվող քննչական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի Մարտունու դիահերձարան:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։

Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---