ՀՀ-ում Covid-19-ի դեմ դեռևս բնակչության 1․27%-ն է պատվաստվել

ՀՀ-ում Covid-19-ի դեմ դեռևս բնակչության 1․27%-ն է պատվաստվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Covid-19-ի դեմ ապրիլի 13-ից մինչւ հունիսի 3-ը պատվաստվելու հնարավորությունից օգտվել է 36,927 մարդ, կամ բնակչության 1․27 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը՝ հավելելով, որ դեռ վաղ է ասել, թե համավարակի 3-րդ ալիքը հաղթահարված է։

«Գրեթե ամեն շաբաթ ականատեսն ենք լինում շտամերի փոփոխության, իսկ եթե շտամը փոխվեց, իրավիճակը կարող է գլխիվայր փոխվել», - ասել է Բադալյանը, գրում է «Ազատությունը»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում պատվաստվել չեն շտապում, Բադալյանն ասել է․ «Կա պատվաստանյութ, չէ որ դա սպասված էր, չէ որ ասում էինք՝ դա հիմնական գործիքն է վարակի կառավարման, բայց մենք սկսեցինք տարբերություններ դնել այդ ամենի միջև, միգուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, բայց պետք է այդ գաղափարը նման ձևով չտարածվեր, այդպես չսկսվեր։ Նախորդ դառը փորձը կար պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի, էդ շլեյֆը շարունակվեց այստեղ էլ, ես կարծում եմ, ու բերց էս էֆեկտի։

Իրազեկման պրոցեսն անընդմեջ պրոցես է, որ պիտի արվի, երկրորդը՝ նաև ժամանակի հարց է, մարդիկ պատվաստվում են և տեսնում են, որ մեծ հաշվով խնդիրներ չկան, կամ եթե կան էլ, ընթացքը բարվոք է»։

Նշվել է, որ տարածվող հակաքարոզին հակակշռում է Հայաստանում գրանցված վիճակագրությունը․ պատվաստված քաղաքացիներից և ոչ մեկի մոտ հետպատվաստումային լուրջ բարդություններ չեն գրանցվել: Այդուհանդերձ, զգուշանալ և տեղեկացված լինել պետք է:

«Որպես օրենք մենք առաջին երեք օրն ենք մնացած պատվաստանյութերի տեսանկյունից դիտարկում, նույն բրիտանաշվեդական AstraZeneca-ի տարբերակում մենք նշում ենք նաև 3-ից 20-րդ օրը նույնպես ուշադրություն դարձնել, եթե հանկարծ նման սիմպտոմատիկա լինի, դիմել՝ սուր ցավեր որովայնի շրջանում, կրծքավանդակի, գլխացավեր, նամանավանդ, եթե կապտուկներ առաջանան, որպեսզի տրոմբոզի հազվադեպ, բայց գրանցված դեպքերը շատ արագ փորձենք ախտորոշել և արագ կողնորոշվել, վարել», - ասել է ԵՊՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոսը։

Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ․ AstraZeneca-ով և Coronavak-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց համար:

Վերջերս Հայաստանում անցկաված հարցման համաձայն՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ստանալ COVID-19-ի պատվաստանյութ: Հայաստանցիների 71 տոկոսը նշել է, որ պատվաստանյութը չի ընդունի, նույնիսկ եթե այն հեշտությամբ հասանելի լինի: Աշխարհի ավելի քան 100 երկրում արդեն ավելի քան 1 մլրդ մարդ պատվաստվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---