ՄԻՊ․ «Լուրերի» վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժը ծրագրային հատուկ քաղաքականություն է

ՄԻՊ․ «Լուրերի» վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժը ծրագրային հատուկ քաղաքականություն է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Հանրային հեռարձակողի խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ։

«Հանրային հեռուստաընկերության վերը նշված ռեպորտաժի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին ՄԻՊ-ը ստիպված էր հանդես գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ուներ կանխարգելիչ ազդեցությամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թե՛ Հանրային Հեռուստաընկերության եթերից, թե՛ այլ լրատվական կազմակերպությունների և լրագարողների կողմից: Ընդ որում, ՄԻՊ հայտարարության ձևակերպումները հատուկ էին ընտրվել այնպես, որ առանց այդ էլ թիրախավորված երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախավորումների չենթարկվի:

Բայց Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը:

Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը:

Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արվում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ՄԻՊ-ի, Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն, պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝

1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է:

2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:

3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով:

4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:

Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված): Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:

5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:

Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:

6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» են և այլն:

7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվենք այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են:

8) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է):

9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ:

10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից:

11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց:

«Եվ այս ամենն այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր արձանագրվում են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների զանգվածային խոշտանգումների և ունեզրկումների հաշվին ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ:

Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները, գնալով զարգացնում են հայատյացությունն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երևանը, Սևանն ու Սյունիքը։ Ավելին ռեպորտաժը հեռարձակվում է այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատվել է նաև ԱԳՆ կողմից:

Հենց այսպիսի պատմական փաստերի բացահայտ աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգությունը»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՄԻՊ-ը վճռականորեն վերահաստատում է իր մայիսի 31-ի հայտարարությամբ արված այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին:

ՄԻՊ-ը վերահաստատում է նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը. այն ուղղակիորեն վտանգում է ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված և գործելով պետական ֆինանսավորմամբ, իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդը, ձևավորվելով պետության կողմից, գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ վերահսկողության ներքո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---