Փաշինյան․ Պետք է դասեր քաղել Աբովյանի կենտրոնի դեպքից, բայց նախարարը չի կարող ամեն օր ամենուր պտտվել

Փաշինյան․ Պետք է դասեր քաղել Աբովյանի կենտրոնի դեպքից, բայց նախարարը չի կարող ամեն օր ամենուր պտտվել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով զոհված զինծառայողների դիերի ոչ պատշաճ պահմանը, ասել է, որ շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը:

Նա ընդգծել է, որ այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից և այս դեպքից պետք է դասեր քաղել։

«Բայց մյուս կողմից, չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը գնալ ամեն օր, բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ոնց է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է»,- ասել է նա։

«Ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ 2018-ից առաջ Երևանի կենտրոնական գիտագործնական կենտրոնում եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ մարմինները պահելու համար:

«Բարեփոխումների արդյունքում միայն կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացել են այդ տեղերը»,- ասել է նա՝ նշելով, որ սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողին:

Փաշինյանը ներկայացրել է, որ դեռևս կան զոհվածների մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան նաև անհետ կորածների հարազատներ, որոնք տարբեր պատճառներով ԴՆԹ նմուշ չեն հանձնել։

«Կան նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Կա նաև մոտ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, և այս դեպքերում դիմելու են օտարերկրյա գործընկերների»,- նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։

Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---