ՄԻՊ․ Գերիների հանդեպ ցանկացած դատավարություն միջազգային իրավունքի խախտում է

ՄԻՊ․ Գերիների հանդեպ ցանկացած դատավարություն միջազգային իրավունքի խախտում է

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ գերիների նկատմամբ ցանկացած դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

Նշվում է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա:

«Ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում:

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության տարածված կոչեր:

«Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքկանացնում են մարդասիրակակ հարցերը: Եվ այս ամենն այն պայմաններում, որ ադրբեջանական իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը:

Հետևաբար, հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը