ՄԻՊ․ Ադրբեջանցիները Գեղարքունիքում կանգնեցնում են գյուղացիներին, բացատրություն պահանջում, փորձում խուզարկել

ՄԻՊ․ Ադրբեջանցիները Գեղարքունիքում կանգնեցնում են գյուղացիներին, բացատրություն պահանջում, փորձում խուզարկել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։

Հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով:

«Հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը:

Հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանցի զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո:

Ադրբեջանցի զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլևս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝

1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ

2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:

Նշվում է նաև, որ արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ ՝սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, ինչն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը:

«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:

Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---