7 հունիսի 2021 - 13:13 AMT
Սերժ Սարգսյան․ Եթե լինեի գերագույն գլխավոր հրամանատրն ու նման վիճակ լիներ, կգնդակահարեի ինձ

ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Ջերմուկի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե ինքը լինեի գերագույն գլխավոր հրամանատրը ու նման վիճակ լիներ, ուղղակի կգնդակահարեր իրեն։

«Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատրը ու նման վիճակ լիներ, ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը: 5000 հոգու մահ խղճիդ, ջախջախված զորք, ադրբեջանցին ծաղրում է քեզ…»,- ասել է նա։

Սարգսյանը հավելել է, թե խայտառակություն է, որ ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա են։

«10 անգամ ավելի հեռու էին․․․ է՞ս էինք ուզում։ Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել։ Եվ ինչքան այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ ինչ-որ անակնկալի կարելի է սպասել», - նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա հավելել է, որ երբեք չի ցանկացել, որ պատերազմ, կամ մարտական գործողություններ լինեն: «Բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում․․․Էսօր 6-ին վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու․․․Եթե ինքը ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ»,-ասել է Սարգսյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։