Տեր-Պետրոսյան․ Այս ընտրությունները լինելու են ամենախայտառակն ու ամենավտանգավորը

Տեր-Պետրոսյան․ Այս ընտրությունները լինելու են ամենախայտառակն ու ամենավտանգավորը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակն ու ամենավտանգավորը։

«Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: Իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունները», - ասել է Տեր-Պետրոսյանը ՀԱԿ ընտրական ցուցակի ներկայացման միջոցառման ժամանակ, գրում է Panorama.am-ը։

«Տեսնում ենք, կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իշխանության հասնելու համար։

ՀՀ առաջին նախագահի խոսքով, նման դաժան պարտությունից հետո պետք էր սթափվել, լրջանալ։ Նա ևս մեկ անգամ կրկնել է՝ եթե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը համաձայնեին իր առաջարկին, ապա իրավիճակն արագ լուծում կստանար, «Փաշինյան երևույթը կվերանար, տեխնոկրատների կառավարությունն էլ մեկ-երկու տարում կշտկեին իրավիճակը»։

«Հրաշալի լուծում էր, միակ փրկությունը սա էր»,-ասել է նա՝ նշելով, որ հիմա լինելու է ճակատամարտ ռեսուրսների, թիմակիցների, լինելու են ընտրախախտումներ, միջադեպեր, որոնք կարող են անկառավարելի դառնալ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է մերժել Փաշինյանի՝ իրեն ուղղված բանավեճի հրավերը, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ինքնասպանություն լինել։ Դա ես չեմ ասում, ինքն է ասել։ Ասել է 2009 թվականին, առաջին նախագահը շատ վատ, ահավոր խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---