Երեւանում բացվել է Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ֆորումը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական հասարակության Ինստիտուտի (CSI) եւ Քաղաքացիական հասարակության Զարգացման կենտրոնի (STGM) նախաձեռնությամբ Երեւանում բացվել է Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ֆորումը: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Թուրքիայի հասարակական կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ երկօրյա ֆորումի ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերը:



«Մենք գտնում ենք, որ այդ ֆորումի միջոցով մենք կկարողանանք ինչ-որ կերպ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, այդ գործընթացում գլխավոր դերը խաղում է երկու երկրների ղեկավարությունը, բայց հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվ դեր են խաղում որոշումների ընդունման գործում»,- նշել է STGM ներկայացուցիչ Լեւենտ Կորկուտը: Նա ընդգծել է, որ հայկական եւ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են նաեւ նախկինում, եւ հույս է հայտնել, որ այդ ֆորումը նոր խթան կդառնա երկխոսության զարգացման համար:



Քաղաքացիական հասարակության Ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը կարող է շատ բան անել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման համար: «Մենք ուրախ ենք, որ նման միջոցառումների ընթացքում մենք մեր թուրք գործընկերների հետ կկարողանանք շոշափել ամենաբարդ հարցերը, հատկապես այժմ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի ՀԿ միջեւ համագործակցության նոր փուլ է բացվել»,- նկատել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---