Փաշինյան․ Մի դեպք է եղել, երբ գերու մասին ասել եմ՝ վաղը կվերադառնա, բայց հետ չի եկել

Փաշինյան․ Մի դեպք է եղել, երբ գերու մասին ասել եմ՝ վաղը կվերադառնա, բայց հետ չի եկել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, թե ընդդիմությունը շատ է շահարկում իր հայտարարությունը, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան, բայց չեն ների, եթե անհամաչափ զիջումների գնանք։

«Պետք է նշեմ, որ եթե մեր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ Եթե, օրինակ, նրանք բոլորն ապրիլին վերադարձած լինեին, միևնույն է, էլի 1-2 ամիս ուշացումով էին վերադառնալու»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ շատ զգուշավոր է գերիների հարցում ժամկետներից խոսելիս, քանի որ մի դեպք է եղել, երբ ասել է, որ հաջորդ օրն այստեղ կլինի գերին, ու չի եղել։

«Ասել եմ` վաղը էստեղ կլինի, քանի որ եղել են բոլոր պայմանավորվածություններն ու հավաստիացումները, բայց չի եկել։ Ինձ համար դա դաս է եղել, որ այլևս ժամկետ չասեմ, որ սուտ դուրս չգամ․․․ Երբ ժամկետը գալիս, անցնում է, մարդկանց աչքերի մեջ ուղղակի հնարավոր չի լինում նայել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հետևողական պայքարել, որ գերիները ժամ առաջ, օր առաջ վերադառնան։

Փաշինյանն ավելի վաղ, Արմավիրում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով գերիների հարցին, ներողություն էր խնդրել, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ և հայտարարել էր, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել էր Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---