ՄԻՊ․ Ադրբեջանում կոպիտ խախտումներով շարունակվում է հայ գերիների դատը

ՄԻՊ․ Ադրբեջանում կոպիտ խախտումներով շարունակվում է հայ գերիների դատը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայ գերիների նկատմամբ դատավարությունները: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը:

Նշվում է, որ ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։ ՄԻՊ-ն արձանագրել է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել:

«Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են: Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում։ Ադրբեջանի իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:

Նշվում է, որ այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:

ՄԻՊ-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:

«Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---