Մարուքյան․ Բաքուն պարտավոր է կատարել իր պարտավորությունը, այլ ոչ թե ականապատման քարտեզ ուզել

Մարուքյան․ Բաքուն պարտավոր է կատարել իր պարտավորությունը, այլ ոչ թե ականապատման քարտեզ ուզել

PanARMENIAN.Net - ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները, այլ ոչ թե մեզանից ուզել ականապատման քարտեզ, ճանապարհ, դելիմիտացիայի հանձնաժողովի փաստաթղթի ստորագրում։

«Ադրբեջանը պետք է իրականացնի փաստաթղթի համապատասխան կետը՝ ռազմագերիների վերադարձը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից, սակայն թե դե յուրե, թե դե ֆակտո այն իրագործված չէ Ադրբեջանի կողմից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մարուքյանը նշել է, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ կարող է չեղարկել նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, որովհետև բոլորը հասկանում են՝ դրա չեղարկումը նոր պատերազմ է։

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո գալ և պատերազմով նրանց հանել այնտեղից, կա՛մ արկածախնդիր են, կա՛մ ստախոս, որովհետև պետք է հաշվի առնել քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել կործանարար պատերազմից»,-ասել է Մարուքյանը։

Նա կարծիք է հայտնել նաև, որ մինչև ՀՀ օրենսդրությունն ամբողջությամբ չվերանայվի և չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան։

«Չպետք է Թուրքիայի քաղաքացին միջնորդավորված կամ ուղղակիորեն կարողանա Հայաստանում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել։ Օրինակ ես այսօր չեմ կարող գնալ Կարս և այնտեղ ինչ-որ հող գնել, անհնար է, որևէ մեկը չի վաճառի ինձ, որովհետև ունեն համապատասխան իրավակարգավորումներ։ Հիմա մենք պետք է մեր օրենսդրությունն ամբողջությամբ վերանայենք»,-ասել է Մարուքյանը։

Հունիսի 13-ին 15 հայ գերի է վերադարձել։ Նրանց թվում են նաև մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվածված 6 զինծառայողներից 5-ը։ Շիրակցիներ վերադարձած գերիների թվում չկան:Հայաստանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը, որտեղ մոտ 100,000 ական կա տեղադրված։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ականազերծման համար 10-15 տարի կպահանջվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---