ՀՌՀ-ն Հանրայինին հորդորել է իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները

ՀՌՀ-ն Հանրայինին հորդորել է իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ի պատասխան կուսակցությունների և դաշինքների նախընտրական տեսահոլովակների հեռարձակման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարել է, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննումն արգելվում է և հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները։

Անդրադառնալով Հանրայինի հարցին, թե արդյոք հեռուստաընկերությունը պարտավոր է հեռարձակել այն տեսահոլովակները, որոնք ակնհայտորեն ունեն վիրավորական, զրպարտչական, այլ անձանց իրավունքները խախտող, ատելության խոսք տարածող բնույթ՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ նման արտադրանք հեռարձակելը առհասարակ խրախուսելի չէ, սակայն, բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատակաները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային։

«Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում «Հանրային հեռուստաընկերության» ու կուսակցությունների և/կամ դաշինքների միջեւ կնքվում է պայմանագիր՝ նախընտրական քարոզչության լուսաբանման վերաբերյալ, ապա սույն համատեքստում գտնում եմ, որ եթե, այնուամենայնիվ, առկա է վիճելի իրավիճակ՝ ատելության խոսքին, վիրավորանքին եւ այլոց իրավունքները խախտելուն իրավական գնահատական տալուն, ապա անհրաժեշտ է դիմել դատարան, նման իրավական գնահատական ստանալու համար, ինչպես նաեւ զուգահեռաբար շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները», ասվում է ՀՌՀ հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք և զրպարտություն:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---