Գասպարյանը՝ Պապիկյանի հետ ձայնագրության մասին․ Խոսել ենք 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան

Գասպարյանը՝ Պապիկյանի հետ ձայնագրության մասին․ Խոսել ենք 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան

PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համացանցում տարածված իր և ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի խոսակցության ձայնագրությանը, տեղեկացրել է, որ հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում։

«Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ:

Եվ այսպես․․ Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: Իրականում անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով»,-ասվում է գրառման մեջ:

Նա պատահական չի համարել, որ ձայնագրությունը հրապարակվել է հենց քարոզարավի ընթացքում։ «Ակնհայտ է, որ դա հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու, մեր կուսակցության վարկանիշի վերելքի պայմաններում ձեր ուշադրությունը մեր բուն անելիքներից ու նպատակներից շեղելու համար:

Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում: Վերջին օրերին իմ դեմ ծավալված այս կեղտոտ արշավը ոչ թե կոտրելու կամ վհատեցնելու է ինձ, այլ տասնապատկելու է իմ եռանդը կերտելու այն ապագան, որտեղ սուտն ու կեղծիքը տեղ չունեն:

Հունիսի 20-ին ազատագրված էջմիածնեցին փաստելու է, որ մեր երկրում ու քաղաքում ԱպագաԿա»,-ասվում է գրառման մեջ:

Գասպարյանը նաև լուսանկարներ է հրապարակել հունիսի 14-ի երթի տեսաձայնագրությունից, որտեղ նա «իր թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին է»:

Համացանցում հայտնվել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Գասպարյանը բողոքում է վարչապետի պաշտոնակատարից և ասում, որ «հանուն պետության ինքը պիտի գնա»։

«Ես մարդկայնորեն էտ պարտությունից հետո նրա կողքին եմ եղել, բայց հանուն պետության ինքը պիտի գնա։ Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն՝ ամենաընկալելի մարդն ես, ամեբարարձր ռեյտինգն ունես։ Իրա հոգեկանը չի դիմանում։ Թող գնա, որ իրավիճակը լիցքաթափվի», - ասել է էջմիածնի քաղաքապետը։

Պապիկյանն ի պատասխան նրան հորդորում է համբերել և մինչև առավոտ ոչինչ չգրել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---