ՀՀ ԱԳՆ․ Խիստ դատապարտում ենք Ալիևի և Էրդողանի համատեղ այցն օկուպացված Շուշի

ՀՀ ԱԳՆ․ Խիստ դատապարտում ենք Ալիևի և Էրդողանի համատեղ այցն օկուպացված  Շուշի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք է որակել և խստորեն դատապարտել է հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք:

«Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

«Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,-ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։ Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։

Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ալիևը դիմավորել է նրան Ֆիզուլիում (Վարանդա) և այնտեղից արդեն նրանք ժամանել են Շուշի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---