Տեր-Պետրոսյան․ Ոչ մի հայ հիմա չի լուծի Արցախի հարցը՝ կորցրինք փոխզիջելու հնարավորությունը

Տեր-Պետրոսյան․ Ոչ մի հայ հիմա չի լուծի Արցախի հարցը՝ կորցրինք փոխզիջելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է, որ ոչ ոք, ոչ մի հայ չի կարող լուծել Ղարաբաղի հարցը։

«Հիմա շատ դժվար է լուծել Արցախի հարցը։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Նախկինում փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի դիմաց Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվո պահպանել»,-ասել է նա՝ հավելելով, որ իր օրոք խոսք չի եղել Ղարաբաղը տալու մասին, խոսվել է փոխզիջման շուրջ։

Տեր-Պետրոսյանը հավելել է, որ հիմա Ղարաբաղի հարցում Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։

«Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, մեզանից կախված չէ։ Մի սպասեք, որ որևէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, այդպիսի բան չկա, սա ցնորք է, զառանցանք»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ հարցում մենք չունենք դաշնակիցներ։

Նա նաև վտանգավոր է համարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե հնարավոր է վերադարձնել Շուշին և Հադրութը։

«Ինչպե՞ս է վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը հավաքվելո՞ւ է և գնա։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստիպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Այդպիսի բան գոյություն չունի»,-ասել է նա։

Արձագանքելով դիտարկմանը, որ Ալիևը խաղաղության պայմանագիր է առաջարկում Արցախն ադրբեջանական ճանաչելու դիմաց՝ առաջին նախագահն ասել է, որ մեզ ստիպելու են դա անել։

«Ստիպելու են, որ համաձայնենք, ամբողջ աշխարհը ստիպելու է։ Եթե չուզես, ավելի մեծ փորձանքների մեջ ես ընկնելու»,-ասել է նա։

Տեր-Պետրոսյանը նաև լավ բան չի սպասում դեպի Ֆրանսիան, ԱՄՆ-ն թեքվելու կոչերից։

«Սա ևս պատրանք է, դոգմատիկ, ցածրորակ մտածողություն է։ Դրանից ոչ մի լավ բան չսպասեք»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը