16 մարտի 2009 - 12:46 AMT
Ադրբեջանական կողմից նշանառուի կրակոցների արդյունքում ղարաբաղցի զինծառայող է սպանվել
Արբեջանական կողմը մարտի 12-ի լույս 13-ի գիշերը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ, որի արդյունքում նշանառուի կրակոցից սպանվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական հերթապահության մեջ գտնվող մի զինծառայող: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Արտգործնախարարությունը, միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից անցկացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի դիտարկման հաջորդ օրը:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մարդկային զոհի հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումների համանախագահների եւ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից հրապարակային գնահատման բացակայության ֆոնի վրա, խախտումներ, որոնք տեղի են ունենում արդեն ԵԱՀԿ դիտարկումների ժամանակ:

«Նման կարգի գործողությունների քաղաքական գնահատման բացակայությունը, որը բազմիցս շեշտադրել է պաշտոնական Ստեփանակերտը, միայն ազատություն է տալիս ագրեսիվ կողմին, որն աննպատակահարմար է համարում նույնիսկ քննարկել որպես վստահության ամրապնդման միջոց առաջատար դիրքերից նշանառուների դուրսբերման մասին ԵԱՀԿ ՄԽ-ի երեք համանախագահող երկրի արտգործնախարարների` 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Հելսինկիյում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հրապարակված առաջարկությունը», - նշվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: