Քոչարյան․ ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ պետք է ուժեղացնել

Քոչարյան․ ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ պետք է ուժեղացնել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց պետք է սկսել ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։

Նա ասել է, որ Հայաստանը մեծ կշիռ ուներ տարածաշրջանում, իսկ հիմա այդ կշիռը փոքրացել է։ «Ռուսական ռազմաբազայի հետ միասին նաև պետք է մեր կշիռը մեծացնենք, որպեսզի մեր հետ հաշվի նստեն։ Աշխարհն այդպես է՝ եթե դու թուլացած ես, քեզ հետ հաշվի չեն նստելու»,-ասել է Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ բացի հայկական ԶՈւ վերականգնումից, հարկավոր է փորձել նաև ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում առավել արդիական դարձնել, ինչը միանգամայն հնարավոր է, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները։

«Մեր քաշային կատեգորիան էապես փոքրացել է, մեր հզորությունը պետք է մեծացնենք, որ ոչ թե կողքից ինչ-որ բան ասող լինենք, այլ նաև մեր խոսքն ավելի ծանրակշիռ լինի այլ երկրների հետ մեր հարաբերություններում»,-ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարության աճին՝ Քոչարյանն ասել է, որ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ, Ռուսաստանն է:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը
Իշխանությունը Վաշինգտոն Մակունցին է ուզում ուղարկել