Փաշինյան․ Չաքուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքն է լինելու

Փաշինյան․ Չաքուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքն է լինելու

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր Սյունիք իր նախընտրական այցին՝ նշելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չաքուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Արձագանքելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է․«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չաքուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք, չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», գրում է Sputnik Արմենիան։

Հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացել է նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասել է նա։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---