16 մարտի 2009 - 14:19 AMT
Մոհամմադ Խաթամին որոշել է չմասնակցել Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարին
Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին չի մասնակցի 2009 թվականի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Ընտրություններից նրա հրաժարվելու պատճառը հայտնի չէ: Խաթամիի թիմի աշխատակիցներից մեկի խոսքերով, նախկին նախագահն առաջիկայում հավանաբար հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կնշվի բարեփոխիչների նոր թեկնածուի անունը:

Ըստ քաղաքական դիտորդների, Խաթամին կարող է սատարել նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիին, որը մարտի 10-ին հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Մուսավին, ինչպես համարվում է, կարող է լուրջ մրցակցություն ստեղծել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որն ընտրություններում կներկայացնի պահպանողականներին ու ծայրահեղ իսլամիստներին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ընտրողների համար մեծ նշանակություն կունենա այն, թե որ թեկնածուին կաջակցի երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

Ըստ Իրանի սահմանադրության, բոլոր թեկնածուները պետք է հաստատվեն Իսլամի հեղափոխության պաշտպանների խորհրդի կողմից: Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին: