16 մարտի 2009 - 14:23 AMT
Թուրք պատգամավորներն ԱՄՆ-ում խոստացել են բացել Հայաստանի հետ սահմանը տեղական մարմինների ընտրություններից հետո
Թուրքիայում տեղական կառավարման մարմինների ընտրություններից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի: Այդ մասին հայտարարել են իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության պատգամավորները Վաշինգտոնում: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, կուսակցության պատգամավորները նման խոստում են տվել ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումների ժամանակ, որ ընթանում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունման շուրջ:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շուքրյու Էլեկդաղի խոսքերով, ԱԶԿ-ի հայտարարությունը չափից դուրս շտապողական էր: «Նրանք ասացին, թե բանակցություններն Երեւանի հետ ավարտական փուլում են, եւ ԱՄՆ Կոնգրեսի ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ կապերի վրա: Ես բազմիցս խորհուրդ եմ տվել նրանց նման խոստումներ չտալ, սակայն նրանք հայտարարեցին, թե կպայմանավորվեն»,-ասել է Էլեկդաղը:

Իր հերթին, ԱԶԿ պատգամավոր Նուրսունա Մեմեջանը հերքեց այդ մեղադրանքները եւ հիշեցրեց «նախագահների հանդիպման» մասին. «Բանակցություններում մենք խոսել ենք այն մասին, որ բանակցությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են: Այդ հարցով զբաղվում են երեք երկրների նախագահները: Եթե այս փուլում ԱՄՆ-ն ինչ-որ որոշում կայացնի, ապա դա նույնը կլինի, ինչ պատրաստի փլավի վրա ջուր լցնել»: Մեմեջանը հաստատել է, որ բանակցությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ավարտական փուլում են: «Սակայն մենք ոչինչ չենք ասել տեղական ընտրություններից հետո սահմանը բացելու մասին»,-ընդգծել է նա:

Տեղական մարմինների ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան մարտի 29-ին: