Դատախազություն․ Ընտրական հանցավոր դրսևորումների մասով 338 հաղորդում կա՝ 26 քրգործով

Դատախազություն․ Ընտրական հանցավոր դրսևորումների մասով 338 հաղորդում կա՝ 26 քրգործով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները:

Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

155-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),

59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),

64-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված)

18-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 137-րդ, 118-րդ, 164-րդ և 308-րդ հոդվածներ):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 338 հաղորդումից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:

26 դեպքի առթիվ հարուցվել են քրգործեր, որոնցից՝

17-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով և համակցություններով,

3-ը՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով,

1-ը՝ ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

5-ը` կապված պաստառների վնասման հետ, ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Նշված քրգործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

Քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունն օպերատիվ կերպով, որոշակի պարբերականությամբ կհրապարակի քվեարկության ընթացքում և դրա հետ կապված հնարավոր առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, հրապարակումների վիճակագրությունն ու դրանցով իրականացված աշխատանքները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---