20 հունիսի 2021 - 10:33 AMT
Մուկուչյան․ 3 ժամը մեկ կհրապարակվեն քվեարկության մասնակցության տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 3 ժամը մեկ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի 119 անդամ չի ներկայացել ընտրատեղամաս։

«Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները ներկայացել են։ 16,064 անդամներից չեն ներկայացել 119-ը 114 տեղամասում», - հայտարարել է Մուկուչյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա տեղեկացրել է, որ արդեն ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը, սակայն արդյունքները կամփոփվեն միայն հունիսի 20-ի քվեարկությունից հետո։

«Թվով 500 ընտրող քվեարկությանը մասնակցել է էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին», - ասել է Մուկուչյանը։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։