20 հունիսի 2021 - 13:05 AMT
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի դեմ հակաքարոզչական թռուցիկները

Երևանի քաղաքապետարանը հավաքում է «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի դեմ վաղ առավոտից Երևանի փողոցներում լցված հակաքարոզչական թռուցիկները։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ շահագրգիռ են, որպեսզի քաղաքն աղտոտողները բացահայտվեն և հնարավորինս խիստ պատիժ կրեն։

«Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երևանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։

Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք, իրավապահներն արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաև սուտ մատնության հանգամանքը։

Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն և հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Ի միջիայլոց, օգտվելով առիթից հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաև վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։

Կարծում ենք, որևէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները և պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանը և ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմանում։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։