20 հունիսի 2021 - 13:26 AMT
Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան ՀՀ-ի․ Հիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը

Արտահերթ ընտրություններին քվեարկել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ քվեարկել է հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, հանուն հզոր բանակի, սահմանների անձեռնմխելիության ու հասարակության հաշտեցման։

«Մեր հիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը, որտեղ հնարավոր չէ ոչնչի հասնել՝ ոչ անվտանգության, ոչ տնտեսական առաջադիմության»,- նշել է նա։

Արձագանքելով «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծման մասին հարցին, Սարգսյանն ասել է, որ այդ մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։

Նա նաև անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին․ «Ողջ իրավապահ համակարգը, հատկապես՝ քարոզարշավի վերջին օրերին, ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն։ Անօրինական խուզարկություններ, առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, և այսպես շարունակ։ Առավոտից ուշադիր հետևում ենք իրադարձություններին, կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, ևս մեկը՝ քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- ասել է նա։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։