Մուկուչյան․ Մանդատներից հրաժարվելու ինստիտուտ այս փուլում չունենք

Մուկուչյան․ Մանդատներից հրաժարվելու ինստիտուտ այս փուլում չունենք

PanARMENIAN.Net - ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերը հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից, հայտարարել է, որ քաղուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում։

«Այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ մենք չունենք: Թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,- ասել է Մուկուչյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղուժերին հասանելիք մանդատների հաշվարկը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական ամփոփումից հետո: Ընտրական օրենսգիրքը դրա համար 7-օրյա ժամկետ է նախատեսում:

Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան, Մուկուչյանը չի ցանկացել պատասխանել՝ հորդորելով սպասել ևս մեկ շաբաթ, մինչև մանդատների բաշխման մասին որոշման կայացումը:

«Մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջև, որոնք ԸՕ-ի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասել է նա:

Իսկ եթե ընդդիմադիրները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա ԱԺ-ում, ըստ նրա, կմնան այն ուժերը, որոնք չեն հրաժարվի: Այս տարբերակն ու օրենքում դրա բացակայությունը, Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ում չեն ուսումնասիրվել, ուստի հանձնաժողովի նախագահը դժվարացել է նաև հայտնել՝ այդ դեպքում ՀՀ-ում ստիպված կլինե՞ն նոր ընտրություն անցկացնել, թե ոչ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---