Արա Աբրահամյան․ ՀՀ-ին ներքաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ փորձություններ են սպասվում

Արա Աբրահամյան․ ՀՀ-ին ներքաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ փորձություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե, ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները:

Նա նշել է, որ Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասվում:

«Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենալով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր:

Կարճ ժամանակ անց մենք բոլորս առերեսվելու ենք դառն իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին:

Ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը:

Սիրելի ժողովուրդ, հիմա առավել քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք՝ մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար:

Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի, և ոչ թէ չարության ու «պողպատի»:

Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---