ԲՀԿ-ն խախտումները վերլուծելուց հետո դիրքորոշում կհայտնի, իսկ «Զարթոնքն» ու ԱԺԲ-ն չեն ընդունում արտահերթի արդյունքները

ԲՀԿ-ն խախտումները վերլուծելուց հետո դիրքորոշում կհայտնի, իսկ «Զարթոնքն» ու ԱԺԲ-ն չեն ընդունում արտահերթի արդյունքները

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները գնահատելուց, քանի դեռ չի պարզվել թույլ տրված խախտումների հետաքննության ընթացքը: Իր հերթին, «Զարթոնք» կուսակցությունը և Ազգային-ժողովրդավարական բևեռը չեն ընդունում արդյունքները։

«Արձանագրվել են հարյուրավոր խախտումներ, որոնց ֆոտո և վիդեո նյութերը տարածվում են սոցիալական ցանցերում, որոնք բավականին լուրջ խախտումներ են: Մենք առայժմ զերծ ենք մնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ դատողություն հնչեցնելուց, քանի դեռ հետաքննությունը չի պարզել», - ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ իրենք վերլուծելու են կատարված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ինչպես քվեարկության գործընթացին, այնպես էլ ընտրական գործընթացներին: «Դրանից հետո մենք միայն կարտահայտենք մեր դիրքորոշումը», - ասել է Աբովյանը:

Զարթոնքն արտահերթում քվեների 0.36 տոկոսն է ստացել։

Խոսնակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը չի ընդունում արդյունքները

նկատի ունենալով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով,

Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասսայական հոսանքազրկում և այլն), քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ազգային-ժողովրդավարական բևեռն ընտրությունները համարում է անարդար և ոչ ազատ, «իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի»։

«Այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և ՀՀ անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»,- ասվում է ԱԶԲ-ի հայտարարության մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը