«Պատիվ ունեմ».Արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի կորուստների լեգիտիմացում

«Պատիվ ունեմ».Արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի կորուստների լեգիտիմացում

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք» դաշինքները և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չեն ճանաչում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ «այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ ՀՀ և Արցախի համար»։

«Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։

Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։ Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։ Պայքարը շարունակվելու է»,-ավում է հայտարարության մեջ։

«Ազատ Հայրենիք» դաշինքը գլխավորող Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մեջ ասվում է․ «Հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ»։

ՀԴԿ հայտարարության մեջ նշվում է, որ ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ ընտրությունների օրը, իշխանությունների գործողությունները միտված են եղել թուլացնելու իրենց ընդդիմախոսներին։

Նշվում է, որ ՀԴԿ դեմ այդ գործողությունները դրսևորվել են, մասնավորապես, ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Արզաքանցյանի (1-ին հերթական համար), որպես պատգամավորի թեկնածուի, գրանցումն անվավեր ճանաչելու մեջ։

«Պատկան մարմիններն արել են հնարավորը, որպեսզի Արզաքանցյանը զրկված լինի իր իրավունքների խախտումները վերականգնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով»,-ասվում է ՀԴԿ հայտարարության մեջ։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---