Օձունի համայնքապետին մարզպետարանում ծեծել են Քոչարյանին սատարելու համար․ ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն

Օձունի համայնքապետին մարզպետարանում ծեծել են Քոչարյանին սատարելու համար․ ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել Լոռու մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Ըստ Գևորգյանի` Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո այն չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս ոստիկանությունում:

ՄԻՊ աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի հայտարարությունը:

Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Օմբուդսմենի աշխատակազմից գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---