Վանեցյան. Եթե որոշվի, որ դաշինքը գնում է ԱԺ, կգնամ խորհրդարան

Վանեցյան. Եթե որոշվի, որ դաշինքը գնում է ԱԺ, կգնամ խորհրդարան

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ հուսահատվելու որևէ կարիք չկա՝ պայքարը շարունակվում է:

Վանեցյանն ասել է, որ եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, նա վերցնելու է մանդատը։

«Միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ իրենք չեն շեղվում ճանապարհից:

«Մեր հայտարարած բոլոր սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ ենք մնալու և ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, շարունակելու ենք հանդես գալ նույն դաշտում, փորձելու ենք մեր հայրենակիցներին հասցնել այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում ենք վերջին գրեթե մեկուկես տարվա ընթացքում»,- ասել է նա:

Վանեցյանի խոսքով, ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք:

«Վերջին 2-3 օրը բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբերի աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր, նպատակն էր նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ ստեղծել մի իրավիճակ, որ ընդդիմությունը քիչ ձայն ստանա: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր կողմնակիցները, իրավաբաններն ուսումնասիրություններն են իրականացնում, ըստ անհրաժեշտության կդիմենք թե իրավապահ մարմիններին, թե դատարաններ»,- ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:

Վանեցյանի խոսքով, դիմելու են բոլոր հասանելի գործիքակազմերին՝ կլինի վերահաշվարկ, այլ քաղաքական ուժերի հետ կունսուլտացիաներ իրականացնելով Սահմանադրական դատարան դիմել, ընտրության ժամանակ արձանագրված բոլոր խնդիրների վերհանում, ընտրությունների արդյունքները վերջնական հասկանալու համար:

«Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,-ասել է Վանեցյանը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---