Նախագահ․ Եթե ՌԴ-ն հեռանա ԼՂ-ից, ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի մտնի

Նախագահ․ Եթե ՌԴ-ն հեռանա ԼՂ-ից, ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի մտնի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսպանական հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցում խոսելով Արցախում իրավիճակի մասին, ասել է, որ ստորագրված փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է։

«Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմի միջև, միգուցե hետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես և Ձեր երկիրն է (Իսպանիան), ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է և ռուս խաղաղապահներն Լեռնային Ղարաբաղում կլինեն առնվազն հինգ տարի:

Անդրադարռանալով Եվրամիության դերին՝ Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց:

«Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է:

Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն: Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա: Մենք մի երկիր ենք, որը պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ է կորցրել: Հայ-ադրբեջանական սահմաններում լարվածություն կա: Կան շատ հուզական խնդիրներ, քանի որ չնայած Հայաստանը վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանը հրաժարվում է դա արել: Բաքուն նրանց օգտագործում է սակարկությունների նպատակով: Դա սխալ է: Դուք չեք կարող օգտագործել մարդկային կյանքն առևտրի համար»,-ասել է Սարգսյանը։

Խոսելով ՌԴ հետ հարաբերությունների մասին՝ Սարգսյանն ասել է․ «Մենք Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ: Եթե դուք ազգ եք, որը ցեղասպանության պատմություն է ունեցել հարևանի՝ Թուրքիայի հետ, ապա պետք է շատ զգույշ լինեք: Քեզ բարեկամ է պետք: Երկար տարիներ Ռուսաստանը այդ բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խորը ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ»:

Պատասխանելով այն հարցին, թե շարունակո՞ւմ են ՀՀ-ն և ՌԴ-ն լինել նույնքան լավ բարեկամ, որքան նախկինում՝ նախագահն ասել է․«Ովքե՞ր կարող են դա գնահատել: Նախագահները նախագահների հետ քննարկումներու՞մ: Մարդիկ մարդկանց հե՞տ... Բարեկամության, նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մասին պետք է հոգ տանել: Յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ժամանակ, ջանք և քրտնաջան աշխատանք՝ այն կենդանի, արդյունավետ և օգտակար պահելու համար»։

Սարգսյանը հավելել թէ, որ ՀՀ-ն կարող է անել ավելին իր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: «Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատենք: Սա հենց այն է, ինչ խորհուրդ եմ տալու հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը