ՄԻՊ․ Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների բաժանելով՝ վիրավորելն ու դա քվեարկության հետ կապելը

ՄԻՊ․ Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների բաժանելով՝ վիրավորելն ու դա քվեարկության հետ կապելը

PanARMENIAN.Net - ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արտահերթի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:

Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:

«Ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները: Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը: Արդյունքում՝ամբողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ»,-ասվում է հայտարարության մեջ: ՄԻՊ-ը ողջունելի և կարևոր է համարել հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի։

«Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ։ Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:

Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ:

Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:

ՄԻՊ-ը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: «Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են:

Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---