ՀԾԿՀ-ում քննարկել են ջրամատակարարման խափանումները․ Խնդիրներն աննախադեպ շոգից են

ՀԾԿՀ-ում քննարկել են ջրամատակարարման խափանումները․ Խնդիրներն աննախադեպ շոգից են

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը, տեղեկացանում է ՀԾԿՀ-ն:

Քննարկման արդյունքում կողմերը հայտնել են, որ նշված խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվեցին, որ այսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:

Վերջին օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները։ Ընդ որում հաճախ՝ սպառողն անջատումների մասին նախապես չի տեղեկացվում։ Հատկապես շատ են այդպիսի բողոքները Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի բնակիչներից։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության, ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները տեղի են ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---