16 մարտի 2009 - 21:54 AMT
Ավիատեղափոխողները կորուստներ են կրում. Հայաստանում ուղեւորաշրջանառությունը նվազել է 10%-ով
Ընթացիկ տարվա առաջին ամիսների ընթացքում Հայաստանում ուղեւորաշրջանառությունը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 10%-ով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Սիբիրյան ավիաուղիներ» ընկերության գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանը: Նրա խոսքով, այնպիսի իրադրություն է ստեղծվել, երբ դժվար է հասկանալ, թե արդյոք դրա պատճառը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է, թե դրամի արժեզրկումը: «Ամեն ինչ այնպես է խառնվել, որ դժվար է գտնել «մեկնարկային կետը» եւ գլուխ հանել կատարվ դեքերից»,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է Սայադյանը, Հայաստանին վառելիք մատակարարելու հետ արդեն վաղուց խնդիրներ չկան, բայց դրամի արժեզրկումը հանգեցրեց դրամական արժեքով ավիատոմսերի գների համապատասխան բարձրացման 20-25%-ով: Բացի դրանից, նրա կարծիքով, Հայաստանի կառավարության կողմից «Պետական հարկի մասին» օրենքի ընդունումը, որի համաձայն որոշվեց տոմսի արժեքի մեջ ներգրավել թռչող ուղեւորներից գանձվող հարկի արժեքը, երկակի հոգեբանական արգելք է ստեղծում սպառողի համար: Նա տեղեկացրեց, որ որոշումը կգործի 2009թ. մարտի 29-ից:

Մուշեղ Սայադյանը նշել է, որ Ռուսաստանում աճող գործազրկության պատճառով վերջերս կտրուկ կրճատվել են Երեւանից Մոսկվա թռիչքները, որտեղ հայերը մեկնում էին գումար վաստակելու: Շատ մարդիկ հրաժարվել են տուրիստական ճանապարհորդություններից կամ Եվրոպայում գտնվող բարեկամներին այցելելուց, ինչն ընկերության գլխավոր ներկայացուցչի կարծիքով, այդ ուղղությամբ ավելի քան 50%-ի կորուստներ կբերի: «Մարդիկ թռչում են ըստ անհրաժեշտության կամ բիզնեսի պահանջով, ուստի այդ փոփոխությունները թեեւ հիմնական սպառողների մոտ դժգոհություն առաջացրին, բայց նրանք չեն հրաժարվի իրենց ուղեւորություններից»,- ասել նա: