ՀՀ նախագահը հանդիպել է Ծառուկյանին և Մարուքյանին․ Քննարկել են ներքաղաքական վիճակը

ՀՀ նախագահը հանդիպել է Ծառուկյանին և Մարուքյանին․ Քննարկել են ներքաղաքական վիճակը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Հանդիպումներում մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ:

Ծառուկյանի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է ԲՀԿ-ի դերը երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:

Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստանը» կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:

Մարուքյանի հետ հանդիպմանը Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:

Նշվել է, որ «Լուսավոր Հայաստանը» մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:

Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---