26 հունիսի 2021 - 16:34 AMT
ՌԴ-ում ներգաղթյալներին կպարտավորեցնեն «լոյալության համաձայնություն» ստորագրել

ՌԴ-ում ներգաղթյալներին կպարտավորեցնեն երկրում կացության կանոնների և աշխատանքային գործունեության վերաբերյալ «լոյալության համաձայնություն» ստորագրել, որը նախատեսված է միգրացիայի մասին նոր դաշնային օրենքի նախագծով, տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ն։

«Այս գործիքը նախատեսվում է օգտագործել որպես կանխարգելիչ բնույթի վարչական ազդեցության միջոց՝ իրազեկելու համար օտարերկրացի քաղաքացիներին ՌԴ մուտքի, կացության և ելքի կանոնների մասին, ինչպես նաև ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու, գործող սահմանափակումների և արգելքների, դրանք չպահպանելու հետևանքների մասին»,-պարզաբանել են ՆԳՆ-ում, գրում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ներգաղթյալներին նաև կպարտավորեցնեն հոգալ երկրի սահմաններից դուրս հնարավոր արտաքսման ծախսերը, եթե նրանք խախտեն համաձայնության պայմանները։

ՌԴ վիզայով մուտք գործող օտարերկրացիները համաձայնագիրը պետք է կնքեն մուտքի վիզայի դիմումը ներկայացնելիս, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով։

Առանց վիզայի ՌԴ մուտք գործող անձինք պարտավոր կլինեն անցնել պետական դակտիլոսկոպիկ գրանցում։