ՄԻՊ․ Տարածքային կորուստներն ավելի ծանր էին այն ժամանակ, երբ հիմքում չկային գյուղերի բնակիչների իրավունքները

ՄԻՊ․ Տարածքային կորուստներն ավելի ծանր էին այն ժամանակ, երբ հիմքում չկային գյուղերի բնակիչների իրավունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով սահմանային հարցերին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել:

«Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:

Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:

Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կեսնական կարևորություն: Ունեցել են անվտանգության նշանակություն:

Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից»,-ասվում է գրառման մեջ:

Թաթոյանը նշել է, որ այդ ժամանակվա Կառավարությունն հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետևողականութուն:

Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն: Սա էլ պատահական չի եղել, քանի որ կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ:

Հայաստանյան կառավարութուններն էլ ամեն անգամ շարունակել են անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով»,-գրել է նա:

Թաթոյանը հավելել է, որ հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---