Իրանը ՀՀ-ին բարձր տեխնոլոգիական կենտրոն և համատեղ ջանքերով «խելացի քաղաք» ստեղծելու առաջարկ է արել

Իրանը ՀՀ-ին բարձր տեխնոլոգիական կենտրոն և համատեղ ջանքերով «խելացի քաղաք» ստեղծելու առաջարկ է արել

PanARMENIAN.Net - Իրանն առաջարկել է Հայաստանում հիմնել բարձր տեխնոլոգիական կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ և կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։ Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասին։

Նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում: Այնուհետև պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին, ամփոփելով համաժողովի ընթացքում քննարկված հարցերը, ներկայացրել է իրանական կողմի առաջարկները։

Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատություններն իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։

Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման և պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։

Իրանական պատվիրկության կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---